Վերսկսվել են Սիրիայի հնարավոր մասնատման մասին խոսակցությունները՝ իբրև ճգնաժամից դուրս գալու տարբերակի՝ գրում է Ալեսանդրա Բենինիետին Il Giornale-ում: Առաջինը այդ լուծման մասին խոսեց Հենրի Քիսինջերը 2013-ի հունիսին: Gerald R.Ford School of Public Policy-ում ելույթում նախկին պետքարտուղարը շեշտը դրեց սիրիական փակուղուց դուրս գալու ռազմավարության վրա, որը հիմնված է Սիրիայի պետական կառուցվածքի վերանայմանը՝ հետևելով էթնիկ ու կրոնական բաժանարար գծերին: «Սիրիայի համար երեք հնարավոր տարբերակներ կան՝ Ասադի հաղթանակը, սուննի ապստամբների հաղթանակը, կամ՝ տարբեր ազգությունները պայմանավորվում են ապրել առավել կամ նվազ ինքնավար շրջաններում՝ այս սցենարին ես կտայի նախապատվությունը»,- ասում էր Հենրի Քիսինջերը 2013-ին: Քաղաքական անցման գործընթացը՝ որևէ սուննիի կամ Ասադի կրոնական կլանի հետ կապված մարդու գլխավորությամբ, նրա կարծիքով, կհանգեցներ չդադարող արյունահեղության:
Հիմա ԱՄՆ-ի քաղաքականության հնաբնակի թեզիսն առաջարկում է Մոսկվան: Արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը ճեպազրույցում չի բացառել Սիրիայի դաշնային կառուցվածքի տարբերակը ճգնաժամից հետո: Եթե այդ մոդելը բավարարի բանակցություններին մասնակցող բոլոր կողմերին՝ ինչո՞ւ չիրականացնել՝ ասում է Մոսկվան: Որոշողը սիրիացիներն են: Սիրիայի ապագայի ընտրությանը միջամտությանը դեմ են և Մոսկվան, և Դամասկոսը: Դրուզների ղեկավար Վալիդ Ջումբլատը մեղադրել է և Մոսկվային, և Վաշինգտոնին, որ արդեն միմյանց հետ պայմանավորվել են երկրի մասնատման մասին:
«Ռուսներն ու ամերիկացիները,- հայտարարել է դրուզների համայնքի ղեկավարը,-սիրիացի ժողովրդի թիկունքում պայմանավորվել են, նրանք խոսում են դաշնային պետության մասին, որ նման է 1939-ի Լեհաստանին՝ մի կտոր քեզ, մի կտոր ինձ… Քրդերը կունենան իրենց մասը, ալավիտներն՝ իրենց, սուննիներն՝ իրենց, իսկ դրուզներն ու քրիստոնյաները համարվում են լրացում: Արդեն կա Rand Corporation-ի քարտեզը, որ ամեն ինչ ասում է: Այլևս չկա Սիրիա, երկիրը ավերված է, 10 միլիոն սիրիացիներ զրկվել են տնից ու փախստական են դարձել»: Վալիդ Ջումբլատի խոսքով՝ «մերձավորարևելյան դաշնությանը» սպառնում են աղանդավորությունը և Բալկանների սցենարի կրկնությունը, որի հետևանքը կարող է դառնալ անվերջ ու անհույս անկայունությունը:
Ալեսանդրա Բենինիետի, Il Giornale
Հ.Գ. Սիրիայի մասնատման տարբերակները զուգահեռ քննարկվել են՝ ճգնաժամի սկզբից ու թերևս հենց երկրի մասնատման գաղափարն է եղել պատերազմի պատճառը: Հիմա, սակայն, այդ տարբերակների իրականություն դառնալը առավել քան հնարավոր է: Դա միակ տարբերակն է, երբ և Ասադն է մնում իշխանություն՝ ալավիտների, և քրդերն են ինքնավարություն ստանում, և սուննի ընդդիմությունը: Բայց Սիրիայում միայն ալավիտները, քրդերը ու սուննիները չեն: Վալիդ Ջումբլատը բարձրացնում է դրուզների հարցը, իսկ ի՞նչ են լինելու հայերը: Մի քիչ, մի քիչ ապրելու են բոլոր մասերո՞ւմ, թե՞ կենտրոնանալու են մեկ վայրում: Կամ՝ հեռանալու են Սիրիայից իսպառ: Ի՞նչ նկատի ունեին Հռոմի պապն ու Համայն Ռուսիո պատրիարքը, երբ կոչ էին անում քրիստոնյաների մասին մտածել Սիրիայում ու Մերձավոր Արևելքում: Ի՞նչ է սպասվում Սիրիայի հայերին պատերազմի ավարտից հետո, երբ իսկապես այլևս չկա նախկին Սիրիան:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ